Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ՀԻՄԱ ԻՄ ԱՄԲՈՂՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՒԺԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՎՐԱ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ»

«ՀԻՄԱ ԻՄ ԱՄԲՈՂՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՒԺԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՎՐԱ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ»
04.02.2011 | 00:00

(«Բազմաճաշակ հանդիսատեսի պակաս թատրոնը միշտ է ունեցել»)
Թատրոն տաճարի քո մատուռը չի խաթարի նրա փառահեղ, հոգեղեն գեղարվեստականությունը, եթե ճարտարապետական հնամենի փորձն ու հմտություններն առավելագույնս յուրացնելով ու ինքնակիզվող երկրպագությամբ ես ձեռնարկում շինարարությունը։ Եթե ի վերուստ է շնորհված արժանավորությունդ, ու արարչագործությունդ լիավյուն կենսամիջավայր է գտնում իրականանալու (կերպավորվելու)։ Եթե, իհարկե, ամենաուշիմ աշակերտն ես եղել թատերաշինարար Վարպետիդ և ի զորու ես նրա հաստատուն գեղագիտական հավատամքի կոթողը չաղճատելու նորաոճ քո կառույցով։ Եթե, իհարկե, ի զորու ես հավատավոր համախոհներիդ ողջակեզ-նվիրումով դիմագրավելու ժամանակի անակնկալ վայրիվերումներին։
Երիտասարդականի համարումը մեծանուն թատերաշինարար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած (1968 թ.) Երևանի դրամատիկական թատրոնը զարմանալի կենսունակությամբ պահպանում է մինչ օրս։ Չնայած ազատ ու անկախ մեր օրերում շատ ավելի դժվար է խենթ թատերանախաձեռնություններ կյանքի կոչելը, քան «խորհրդային կայսրության երկաթե վարագույրի» ներքո։ Օդն անգամ մշակույթով էր հագեցած։ Թափ առած ստուդիական շարժման հորձանքով նոր թատրոններ էին կազմավորվում։ Գուցե հենց հզոր նախահի՞մքն է ակունքը դրամատիկցիների տոկունության։ Փորձեք կողմնորոշվել Վարպետի ամենաուշիմ աշակերտի` ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԻ հետ մեր ծավալած զրույցում խորամուխ լինելով։ Ղափլանյանի արվեստանոցում թրծվելով` 1986-ից նա, փորձառությամբ ճշգրտված աշխատաոճով, կարողանում է անմար պահել իրեն վստահված թատերաընտանիքի ստեղծագործական քուրան։

ԿՄՈՌԱՆԱ՞ՆՔ ՀԵՐՈՍՏՐԱՏԻՆ
-Փորձենք միասին ամբողջացնել Դրամատիկի ստեղծագործական ներկան` ընթացիկ խաղացանկով, երիտասարդացած կատարողական ներուժով, հիմնախնդիրներով ու վաղվա հեռանկարի ուրվագծմամբ։
-2010-ի մասին խոսելիս` որպես ամենօրյա աշխատանքի ցուցանիշ, առաջին հերթին, պիտի ասեմ, որ շուրջ 350 փորձ է արվել։ Ստիպված էինք, նախ, բավականին լուրջ վերականգնել խաղացանկային ներկայացումները` պայմանավորված կյանքից ու երկրից որոշ դերակատարների հեռանալով։ Ներմուծումները, փառք Աստծո, արդեն կայացած բեմադրակառույցի որակական նշաձողը չիջեցրին շնորհիվ ստեղծագործական խմբի միակամ ու եռանդուն ջանասիրության։ Բայց ունեցանք այնպիսի մեծ կորուստ, որն անվերականգնելի է` Վլադիմիր Մսրյանի շատ անժամանակ ու անսպասելի հեռանալը։
-Ոչ մի կերպ չհամակերպվելով իմ սիրելի Հերոստրատ-Մսրյանի բացակայության հետ` ափսոսում եմ, որ 1977-ից Դրամատիկի այցեքարտը դարձած Գրիգորի Գորինի «Մոռանալ Հերոստրատին» տրագիկոմեդիան կարող է պատմականի արժեք ստանալ։
-Ես անձամբ երբեք չեմ վերականգնի ուրիշ դերակատարով։ 33 տարի մեր բեմից չիջնելով` այդ ներկայացումը վերջին անգամ, փաստորեն, խաղարկվեց 2010-ի հունիսի 5-ին։
-Երջանիկ հանդիսատեսը լինելով կերպավորման շքեղ ներկապնակով արտիստի մշտահմա այդ թատերաքանդակի։ Պարզապես հիացա։ Ձեր կուռ մեկնաբանության հրատապությունը, փոփոխվող դերասանախմբի ընդհանուր խաղն օրգանապես միահյուսելու մսրյանական հզոր ներուժով, վարպետ առաջատարությամբ։ Տարիներն ու հեղաբեկումները ոչ միայն չնվազեցրին Մսրյանի Հերոստրատի խորիմաստ թատերագրավչությունը, այլև փորձառության հրաշալի արվեստանոց դարձան տարասերունդ խաղընկերների համար։ Նոր նրբերանգներով էր մատուցում մի քանի հարյուր անգամ վերապրած բեմատիպարը` կանխազգալով, կարծես, «կարապի երգի» ճակատագիրը... Արդյո՞ք անիրականանալի կմնա Մսրյանի գլխավոր դերակատարությամբ մտահղացված նոր բեմադրությունը։
-Բավականին աշխատանք արդեն արած լինելով` մտածում ենք ավարտին հասցնել «Ձուկն առանց ջրի կամ Suicide (ինքնասպանը)» նոր ներկայացումը` որպես մեր հարգանքի տուրքը Մսրյանին։
-Հանդիսատեսի համակրանքը վայելող խաղացանկային ներկայացումներում ներգրավված շնորհալի երիտասարդներից շատերի առաջընթացը, ըստ իս, ոչ միայն հանրածանոթ, այլև նոր բեմադրություններում ցայտուն դրսևորվեց։
-Ընթացիկ խաղացանկը, պահպանելուց զատ, կարելի եղավ համարյա 80 տոկոս նոր կազմով, նոր մոտեցմամբ բեմ բարձրացնել 90-ականների սկզբին խաղարկվածից զգալիորեն տարբերվող «Հուլիոս Կեսարը»։ Ոչ միայն մեր, այլև տարածաշրջանում տիրող իրականության տեսակետից խիստ հրատապ, ամբողջ աշխարհի քաղաքական ներկա նկարագրի։
-Ցավոք, հասարակական-քաղաքական կյանքի շեքսպիրյան բացահայտումները հավերժական են մնում, անբուժելի խոցերն են ի հայտ բերում, որոնցից մարդկությունն ի զորու չէ ձերբազատվելու` համարժեք կացութաձևերում դարերով գոյատևելով։
-Ըստ էության, այո։ Չնայած, որպես դրամատուրգիական երկ, Շեքսպիրի ամենահզոր գործերից չէ։
-Պատմական եռագրության մի մասն է, և, փաստորեն, Հուլիոս Կեսարի անկման շրջանին է առնչվում։
-Հենց այդ առումով էլ չափազանց արդիական է` պարփակած ասելիքի, գաղափարական բովանդակության տեսակետից։ Կա մի կարևոր հանգամանք էլ, որն ինձ դրդեց նոր բեմադրությունն անել։ Առաջին տարբերակը տեսած կամ նրան մասնակցած երիտասարդները, ունենալով շատ տպավորություններ, ինձ խնդրեցին ու դրդեցին կրկին անդրադառնալ մեր ժամանակներում, մեր շուրջն ու մեզ հետ կատարվողին իրենց վերաբերմունքն արտահայտելու բացառիկ հնարավորություն տվող «Կեսարին»։ Կարծում եմ, ստացված արդյունքը գոհացրեց ոչ միայն մեզ, այլև հանդիսատեսին։
-Միաժամանակ պահպանվեցին Դրամատիկի շեքսպիրյան ավանդույթները, որոնցով հպարտանում ենք երկուստեք։ Չե՞ք մտածում «Ռիչարդն» էլ երբևէ վերաբեմադրել։
-Չեմ կարծում, թե Ղափլանյանի փառահեղ ներկայացումից հետո նորից պետք է «Ռիչարդին» անդրադառնալ, չնայած ունեմ իմ նկատառումները։ Ինչ էլ անեմ, կստացվի` վերանայում եմ 73-ին ստեղծվածը։ Բարոյական չեմ համարում։ Կուզենամ էլի խորանալ Շեքսպիրի բարձրարժեք դրամատուրգիայում, որից երբևէ չեմ հեռացել որպես արվեստագետ։ Առայժմ կոնկրետ ընտրության չեմ հանգել որպես բեմադրիչ։ Այսօր թատրոնն ունի շեքսպիրյան 4 ներկայացում, որոնց հանդեպ չի մարում հանդիսատեսային հետաքրքրությունը. «Ռոմեո և Ջուլիետ» (1996 թ.), «Համլետ» (2004 թ.), «Մակբեթ» (2005 թ.) և «Հուլիոս Կեսար» (2010 թ.)։ Դրանք, ինչպես միշտ, մեր 19 անուն խաղացանկի ողնաշարն են կազմում. առանց չակերտների, քանի որ լուրջ դպրոց են ամբողջ արտիստական կազմի համար։ Դրանք մեզ թույլ են տալիս ձեռնարկել այլ ժանրեր` բարձրակարգ կատակերգությունների, դրամաների։ 24 տարին լրացավ թատրոնի գեղարվեստական ղեկավարությանս և 40-ը` նրանում հաստատվելու։ Իմ այս փորձառությամբ` պարտավոր եմ հաշվի առնել, թե ինչ է հարկավոր հանդիսատեսին (համոզված եմ, հստակ չգիտի էլ, թե ինքն ինչ է ուզում)։ Եթե շարունակ նրան կերակրես անորակ հոգևոր «ուտելիքով», կսովորի դրան։ Բարձրորակ, նուրբ քիմքի համար պատրաստված կերակրին է դժվար սովորելը։ Այսպիսին է կյանքը, մանավանդ թատերարվեստում։ Երևի թե իր մտքում հոգսերի, վաղվա օրվա հարցականների կուտակումներով` բնազդաբար ավելի ձգտում է ժամանցի, ծանր բեռներից մոռացության։ Ակամա խուսափում է հիմնախնդիրների, կասկածների, խորունկ խոհերի վրա կենտրոնանալուց, որոնց վրա կառուցված են լուրջ դրամատուրգիական գործերը, և, կարծես թե, դժվարությամբ է գալիս նման ներկայացումներին։ Այս պարագայում շահում են ժամանցային հանդիսանքների կազմակերպիչները` հաճախ գերազանցելով անհրաժեշտ չափաբաժինը։ Ինչպես Շեքսպիրն էլ նկատել է, սովորությունը մարդու երկրորդ բնավորությունն է։ Մարդիկ հիմա ժամանցայինով են տարված` տարիներով կերակրվելով այդ տեսակի ու որակի ներկայացումներով։ Դժվար է նրան հետ բերելը ճիշտ համամասնության, որովհետև բազմաճաշակ հանդիսատեսի պակաս թատրոնը միշտ է ունեցել։ Խաղացանկային թատրոնն առանց էկլեկտիզմի մեջ ընկնելու պիտի կարողանա բազմատեսակ խաղացանկ կառուցել, տարաժանր, բայց ոչ ցածրորակ։
ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԵՑՈՂ «ՉԵԶՈՔ ԳՈՏԻՆ»
-Շատ եմ ափսոսում Մաթևոսյանի «Չեզոք գոտու» «բնականոն» օտարման համար Դրամատիկի խաղացանկից։ Վերջին տարիների Ձեր բեմադրություններից, իր ճարտարապետական կառուցիկությամբ, ասելիքի ու յուրաքանչյուր դերակատարման, միզանսցենի ոսկերչական հղկվածությամբ, այն ինձ համար հավասարը չուներ` մանավանդ մեր հայկական տարատեսակության խորաթափանց ու ներազդու կերպաշարի ընդգրկուն բնութագրականությամբ։
-Դաժան է տառապանքով ստեղծված ներկայացումների ճակատագիրը թատրոնում։ Մի մասը, իրեն վերապահված առաքելությունն ավարտելով, ինքնըստինքյան է, ասես, դուրս մղվում ընթացիկ խաղացանկից։ Մյուս մասը, ցավով ու շատ արագ, ստիպված ես լինում ինքդ հանել, ինչպես «Չեզոք գոտին»։ Կիսադատարկ դահլիճները ստիպում են հաշվի նստել իրենց կապանքող ուժի հետ։ Թե՛ բեմում աշխատող արտիստին, թե՛ հանդիսատեսին։ Ընդհանուր առմամբ, մեր օրերի համար պատկառելի միջին 75 տոկոս լցնելիությունն արձանագրելով, չենք կարող հանդուրժել բարձրարվեստ ներկայացումների խաղարկումը հանդիսատեսային հետաքրքրության ակնհայտ անբավարարության պայմաններում։ Տարվա ընթացքում հարյուրից ավելի ներկայացումներ խաղալով, եթե կարողանում ես այդ 75 տոկոսը լրացնել, աշխարհի մասշտաբով բարձր ցուցանիշ ես գրանցում խաղացանկային թատրոնի համար։ Համոզված ասում եմ, որ, Ձեզանից բացի, նույն «Չեզոք գոտին» բոլոր մասնակիցներն էլ ափսոսանքով ու ցավով են հիշում։
-Մեր հայկական ներկա իրականությունն ընկալելու ու վերափոխելու եզակի հնարավորություն էր տալիս այդ պոետիկ ու գերհագեցած ասելիքով, բազմաշերտ ներկայացումը։
-Չեմ ուզում մանրամասնել, բայց Մաթևոսյանին շատ մոտ կանգնած մարդիկ նույնիսկ, ավաղ, ճիշտ չընկալեցին մեր աշխատանքի արժանավորությունն ու անուրանալի կարևորությունը։ 2-3 տարի է, ինչ չենք խաղում։ Եղածը եղած է։ Հիմա էլ շատ անելիքներ ունենք։ Արդեն Արթուր ՈՒթմազյանի գլխավոր դերակատարությամբ փորձում ենք «...Ինքնասպանը», որ բեմ ենք հանելու ի հիշատակ Վլադիմիր Մսրյանի։ Չմոռանամ 2010-ի նոր աշխատանքներից նշել «Ցիանակալիում... կաթով կամ առանց կաթի» իսպանական պիեսի Գրիգոր Խաչատրյանի բեմադրությունը, որով նա իր ներքին ուժն ու կարողությունը նպատակասլաց աշխատասիրությամբ վերստին հաստատեց թե մեր ստեղծագործական խմբի, թե հանդիսատեսի համար։ Ես գոտեպնդվում եմ Գրիգոր Խաչատրյանի կազմակերպված առաջաքայլով։ Դրամատիկի արտիստական կազմն անկեղծորեն հավատում է նրան, ինչը հեշտ չի տրվում որևէ բեմադրիչի։ Նա կարողանում է համախմբել իր շուրջը դերասաններին, գաղափարների իմաստուն գրավչությամբ վարակել, հետաքրքիր ու նոր լուծումներով, ձևերով, ոճավորմամբ։
ՎԱՐՊԵՏԱՑԱԾ ԱՇԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՍԱՆԸ
-Ձեր ուշիմ ու տաղանդավոր սանը, ունենալով ինքնադրսևորման լիարժեք հնարավորություն ՈՒսուցչի գլխավորած թատերաընտանիքում, անընդմեջ հղկվելով ու խորացնելով ձեռք բերած հմտությունները` 2004-ից (Սլապովսկու «Վերջին դասը») ի վեր ակտիվորեն հարստացնում է սեփական խաղացանկը («Գնդապետ թռչունը», «Ֆանտոմային ցավերը», «Արնախումի ընտանիքը»)` մանկական հեքիաթաշունչ ներկայացումներ նաև բեմավորելով։ Կայացման նրա անցած ճանապարհի վերջին հանգրվան-«Ցիանակալիումով» ինչպե՞ս եք գնահատում նրա արվեստագիտական ներկան։
-Կայացած, ինքնուրույն բեմադրիչ է։ Վստահ եմ, մի կետում չի մնալու կանգնած, որովհետև ցանկացած արվեստագետ լիարժեք կայանում է մինչև կյանքի վերջը։ Ով մնա նույն տեղում, վաղաժամ կմեռնի որպես արարիչ, անխուսափելի հետընթաց կունենա։ Ես նրան լրիվ վստահում եմ` վերջնական չափը վստահությանս թողնելով մոտակա տարիների ճշգրտմանը։
-Գրիգոր Խաչատրյան դերասանը չի՞ խանգարում բեմադրիչին։ Նկատել եմ, որ իր վերջին աշխատանքներում խելամտորեն խուսափում է համատեղումից։
-Իմ համոզմամբ, շատ լավ դերասան է։ Կարծում եմ, կգա պահը, երբ ինքը կորոշի։ Ինքս շատ ավելի վաղ եմ հեռացել բեմից։ Երկու բարդ ու տեխնիկայով, մոտեցումներով, կենցաղով իրարից շատ տարբեր այդ արվեստները չափազանց դժվար է համարժեք զուգահեռել։
-Ձեր բեմադրություններում որպես դերասան հանդես գալը, ըստ իս, նպաստում է բեմադրափորձի լիարժեքացմանը` գործնականում ամրապնդելով հասունացման հիմքերը։ Խրախուսելի է սովորելու նրա ցանկության անպարպելիությունը։
-Մեկ այլ հիմնախնդիր էլ կա։ Խաղացանկային թատրոնն ամբողջ աշխարհում էլ երբևէ ինքնաֆինանսավորմամբ պատշաճ չի գոյատևել։ Ցավոք, քիչ են միջազգային փոխշփումները։ Երբ 2005-ին «Մակբեթ»-ով Լեհաստան գնացինք, պարզվեց` 30-ին մոտ երիտասարդների մի մասն առաջին անգամ էր ինքնաթիռ նստում։ Նրանց շատ է պետք աշխարհ տեսնել նաև, տեղում դրսևորվելուց զատ։ Իմ սերունդը 11 տարեկանից չի իջել օդանավերից։ Եթե ես Գրիգորին և մյուս բոլոր արտիստներին, բեմադրիչներին, թատրոն կառույցի ողջ անձնակազմը կարողանայի գնահատել համապատասխան դրամական վարձատրությամբ նաև, ավելի բարձր պահանջներ կներկայացնեի։ Դժվար է ներկայիս «կոպեկներով» հատկապես երիտասարդությանը կապել թատրոնին։ Չնայած նրանք խենթ նվիրումով Դրամատիկում մնում են, բայց ինքս, իրականությունից ելնելով, հաճախ եմ խղճի խայթ զգում նրանց անլիարժեք գոյության համար։ Երբեմն նույնիսկ մեղադրում ինքս ինձ` թատրոնի սիրով նրանց վարակելու, անազատ ու անկայուն կեցության դատապարտելու համար։ Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ չես կարող, հերոսական կեցվածք ընդունելով, կտրուկ պահանջներ դնել պետության առջև։ Լուծման կարոտ հսկայական խնդիրներ կան բոլոր բնագավառներում։ Ես գոնե, իմ փորձառությամբ, համբերատար եմ։ Բայց 18-20 տարեկանից երազել եմ և կուզենայի, ի վերջո, տեսնել ավելի բարվոք կենցաղ արտիստների, ընդհանրապես թատրոնի մարդու (բեմի մեքենավարի, տնօրենի, ատաղձագործի, հավաքարարուհու, բոլոր 150-ի)։ Առանց այդ էլ դաժան են թատրոնի չնորմավորված կանոնները։ Քեզ պիտի զրկես օրինավոր կենցաղից, անձնական շատ նախասիրություններից։
«ՄՈՍԿՎԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ ՉՀԱՄԱՐԵՆՔ»
-Մասսայական մշակույթի ներկայիս բուռն ծաղկունքը չի՞ վնասում լուրջ թատերարվեստին։
-Ցավալի է կտրուկ տարանջատումը։ Տգիտություն է, ըստ իս, որ թատրոնին նայում են կամ որպես զուտ մասսայական արվեստի, կամ էլ` էլիտար։ Այդ երկուսը մեկտեղված են իսկական թատրոնում։ Հետխորհրդային ամբողջ տարածքում է գրեթե նույն իրավիճակը։ Մոսկվան ցուցանիշ չհամարենք, միշտ էլ ուրիշ կարգավիճակում է եղել։
-Մեր հարևան Վրաստանում, կարծես, անհամեմատ բարվոք է դրությունը։
-Ասենք, մեր 200 դոլարի փոխարեն 300-400 են ստանում, բայց թե որքա՞ն բարձր է մնում արվեստի նշաձողը, չեմ կարող ասել։ Վերջին 10-15 տարիների ընդհանուր գեղարվեստական արտադրանքին ծանոթ չեմ, ցավոք։ Մի Ստուրուայով եզրակացություն չես անի։ 300-600-տեղանոց դահլիճները որքա՞ն են լեցուն, չի կարելի վստահ ասել։ Ավելի մեծ դահլիճներ, առավել ևս Երևանում, կարիք էլ չկա ունենալու։ Դրանից բացի, բարձրարվեստ ստեղծագործությունը միշտ էլ թանկ արժե։ Հիմա թատրոնը կարողանում է 5-6 մլն դրամով բավականին մեծ ու լուրջ ներկայացումներ ստեղծել։ Մերի մասին եմ ասում միայն։ Մյուսներինը նայում եմ, իհարկե, բայց ներքին խոհանոց չեմ խցկվում ու ինձ իրավունք չեմ վերապահում փորփրել ու գնահատականներ հրապարակել։ Մեր թատրոնում հաշվարկված է ամեն մեխը, այլապես չենք հաղթահարի նվազագույն պահանջների բավարարումը։ Կկամենայի ներկայացման տնտեսական մասի վրա ավելի առատ գումար ծախսել, որպեսզի ավելի լավը լիներ ներկայացման ընդհանուր պատկերը։ Բայց հոնորարային մասը 4-5 անգամ ավելին կուզենայի ունենալ, չնայած տեխնիկական հագեցվածության զգալի պակասն էլ լավ կլիներ լրացնել։ Ավելի ժամանակակից հնարքների կիրառությունից զրկված` դիմում ենք, անշուշտ, հնարամտության։ Մանրամշակ տնտեսվարությանն էլ, կարծես, վարժվել ենք, քանի որ թատրոնը փայփայելը մեր գլխավոր նպատակն է եղել դեռ Ղափլանյանի օրերից։ Որևէ գեղարվեստական ղեկավար, եթե անգամ պաշտոնապես չի տնօրինում թատրոնի տնտեսությունը, տարիների փորձառությամբ բավականաչափ գիտելիքներ է ձեռք բերում, նաև բնավորություն։ Թատրոնի ղեկավարությունը, ըստ իս, բազմակացութաձև պիտի լինի։ Մանավանդ մեր տեսակի երկրներում որևէ գեղարվեստական ղեկավար չի կարող տնտեսության կառավարմանը չմասնակցել։
-Կարո՞ղ է միայն լավ կազմակերպիչը թատրոնում բարձր մշակույթ ստեղծել։
-Նման բան երբևէ չեմ տեսել։ Չգիտեմ, պրոդյուսեր հասկացությունն ինքնին կարո՞ղ է բավականացնել թատրոնում լավ ներկայացումներ ունենալուն։ Ժամանակին բեմադրություն եմ արել ամերիկյան նմանատիպ թատերակառույցում, Բրիստոլ քաղաքում, Բրոդվեյի դերասանների հետ. կար պրոդյուսեր և, միաժամանակ, գեղարվեստական ղեկավար։ Կոմերցիոն թատրոն էր, տարեկան 5 բեմադրություն էր անում։ Կար մշտական դերասանակազմ` պայմանագրային հիմունքներով, 15-20-հոգանոց աշխատակազմ։ Գեղարվեստական ղեկավարն էր պատասխանատու թե՛ պիեսի, թե՛ արտիստների, թե՛ բեմադրիչի ընտրության և թե՛ ներկայացման գեղարվեստական արժեքի համար։ Ամեն ինչ փայլուն ապահովում էր պրոդյուսերը, բայց իրեն ներկայացված պահանջները պիտի լինեին խելամիտ, իրադրությունից, արվեստի խորիմացությունից բխող։ Առայժմ Դրամատիկն ինքնաբավ կարողանում է գործել իր ներուժով։ Առիթի դեպքում հատուկենտ դերասան կամ, հատկապես, բեմադրիչ հրավիրում ենք, գեղարվեստական խորհրդի քննարկմամբ, իմ մանրազնին տնտղումներից հետո։ Մերոնք ավելի շատ են հրավիրվում։ Եթե նույնիսկ գումարով ապահովեն իրենց պատվերը, միևնույն է, մեր գեղագիտությունից դուրս, արդեն ունեցած նշաձողից ցածր առաջարկներ չենք կարող ընդունել։
«ԹԱՏՐՈՆԻ ՄԱՐԴ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԷԼ»
-Որոշ թատրոններում մեկտեղված են այդ պաշտոնները։
-Լինում են բացառություններ, երբ որևէ անձի մեջ երկուսն էլ համազոր առկա են։ Թատրոնի մարդ պիտի լինի տնօրենն էլ, որպեսզի իրականանալի դարձնի գեղարվեստական ղեկավարի բեմադրական մտահղացումը կամ սթափ գնահատի դրա ռեալացման հնարավորությունը։ Տնօրենը կամ տնօրենի բնավորությամբ գեղարվեստական ղեկավարը կարող է հիմնավորել այս կամ այն բեմադրական հնարքի իրականացումը։ Ասենք, անձրև ստանալ բեմի վրա, քամի։ Ծիծաղելի կարող է թվալ, բայց մեր ունեցած մեխանիզմով ստացված ծուխը կարելի է սովորական վառարանով էլ ստանալ։
Մտավոր ներուժը, որքան էլ հզոր լինի, առանց ֆինանսական նույնքան հզոր լծակների չի կարող իրագործվել։ Դրանց բացակայության թելադրանքով` լուրջ ռեժիսորները շատ ավելի կենտրոնանում են դերասանի հետ աշխատանքի վրա։ Ռեժիսուրան ամենօրյա ծանր աշխատանք է։ Ինձ համար առօրյա 4-ժամանոց փորձը կրկնակի տնային աշխատանք է նշանակում։ Թող ներեն ինձ ավագ սերնդի իմ հարազատները, բայց հիմա իմ ամբողջ ուշադրությունն ու ուժը երիտասարդների վրա են կենտրոնացված։ Այդպիսով միայն մեր թատրոնը վաղն առանց մեզ կկարողանա աշխատել։ Հիմա թատրոնում հրաշալի նոր սերունդ կա։ Արմեն Բարսեղյանի նոր բեմադրության (5-հոգանոց կոմեդիա է Մարկո Կոմուլետիի «Ախ, այդ Աննան», նույն սերնդի դերասաններ են հինգն էլ) դեկորներն ենք պատրաստում, հունվարից բեմ ենք իջել։ Հիմա Դրամատիկի ստեղծագործական գերխնդիրը մեր հասած հանգրվանից գոնե մի քայլ առաջ անցնելն է։ Երևի նորից կվիրավորվեն բոլոր ժամանակակից դրամատուրգներն Արմեն Խանդիկյանից, բայց նորից ու կրկին պիտի բարձրաձայնեմ, որ նոր պիեսների եղած բազմության մեջ առայժմ չենք գտնում մեր նախասիրություններին (դինամիկ, թատերային, ոչ թերթային) բավարարող որևէ գործ։ Երբեմն անընդհատ ուղեղ է թափվում տողերի և՛ տակից, և՛ վրայից, սարքած մտքեր, աֆորիզմներ։ Շեքսպիրի ամբողջ ժառանգությունից քաղված աֆորիզմները մի փոքրիկ գրքույկ են միայն կազմում, որքան էլ տարօրինակ հնչի։ Ինձ վանում է ուղեղի գերաճը պիեսներում։ Աշխարհում այսօր էլ կան իրապես ինտելեկտուալ մի քանի պիեսներ, որոնք, լավ գիտեմ, դատապարտված են կիսադատարկ դահլիճների։ Ոչ անորակության պատճառով։ Երբ դրանց զուգահեռում ես անպայմանորեն քո ասելիքն էլ, քչերին են հետաքրքիր ու ընկալելի դառնում։ Խորհրդային տարիներից ի վեր։ Եթե իմ «Համլետ»-ին մոտ 150 մարդ էր լինում դահլիճում, ես գոհանում էի։ Մտածում էի` ավելի լավ է հասկացողների համար խաղանք։ Սա չի նշանակում, որ պիտի կտրուկ թեքեմ մեր խաղացանկը դեպի ժամանցը, հեշտ ու արագ մարսվող ուտելիքի մատուցումը։ Տա Աստված, որ գա ոչ միայն փառատոնային ներկայացումներ անելուն տրամադրող ժամանակը։ Հիմա դժվար է հանդիսատեսին թատրոն բերել, օրինակ, եվրոպական բեմերից չիջնող «Չեխով-էքսմաշին» կամ «ճպսՏՉպՍ-տՏՊցՔՍՈ» խորաշերտ պիեսների ներկայացումներով։ Ինքս հաճույքով կանեի, բայց մեր ընդհանուր հանդիսատեսը դեռ չի բարձրացել այդ պահանջարկի մակարդակին, ինչպես «Չեզոք գոտու», որը 5-6 անգամ խաղացինք։ Մինչև գոնե 200 հանդիսատես իր ցանկությամբ չգա այդ կարգի ներկայացումներին (ոչ հրավիրատոմսերով, որոնց որոշ չափաբաժինը երբևէ չեմ բացառում), բեմադրելու իմ ցանկությունը չեմ կարող ռեալիզացնել։ Մոսկվայում, օրինակ, այդ հանդիսատեսը եթե մի տեղ նայում է Օստրովսկու «ծՈ ՉրՍՏչՏ ՎցՊՐպՓՈ ՊՏՉՏսՖվՏ տՐՏրՑՏՑօ»-ն, անպայման միաժամանակ այլ թատրոններում արվածներն էլ է տեսնում և նոր միայն գնահատական տալիս։ Ոչ թե թատրոնի մասնագետները, այլ սովորական հանդիսատեսն է հաճույք ստանում այդ պրոցեսից։
«ԱՌԱՅԺՄ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԱԾՈՎ ԵՆ ԻՐԵՆՑ ՇՏՐԻԽՆԵՐԸ ԴՆՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ ԽԱՂԱՑԱԾԻ ՎՐԱ»
-Հրաշալի ավանդույթ էիք ձևավորել ուսանողության հետ Ձեր ներկայացումները քննարկելու։ Ինքս համալսարանականների հետ քանիցս մասնակցել եմ դրանց։ Կարծում եմ, ուղիներից մեկն է նոր սերնդին լուրջ թատերարվեստով կրթելու, հետաքրքրելու։
-Կազմակերպիչները մտադիր են շարունակել։ Երիտասարդ հանդիսատեսի պակաս չունենք։ Ճիշտ է, մեծ մասն աղջիկներ են (անցյալ օրը մուտքի մոտ նկատեցի` 6-7 կնոջը 1 տղամարդ է բաժին ընկնում)։ Հումորով կարելի է ասել, որ թատրոնը գոյատևում է կանանց շնորհիվ։
-Միշտ էլ Դրամատիկի հանդիսասրահում երիտասարդությունն է գերիշխել։ Դերասանախումբն էլ հիմա երիտասարդացած է։ Հեռուստասերիալներում զբաղված լինելը անցանկալի հետքեր թողնո՞ւմ է թատրոնում խաղացածի վրա։
-Ոմանց մոտ` զգալի։ Առայժմ թատրոնում ձեռք բերածով են նրանք իրենց շտրիխները թողնում հեռուստասերիալներում խաղացածի վրա։ Կան դերասան-դերասանուհիներ, որոնք սերիալային փորձառությամբ հստակ գիտակցեցին, որ միայն թատրոնում կերպապնակը հարստացնելով կարող են էկրանի վրա հետաքրքիր երևալ, պատվով դուրս գալ ստանձնած թերարվեստ գրական հերոսի մարդացման բեռի տակից։ Հուսանք, կգա ժամանակը դրանց ընդհանուր պրոֆեսիոնալ որակական աճի` թե՛ սցենարիստների, թե՛ հեռուստառեժիսորների, թե օպերատորների։ Փորձում են, իհարկե, իրենց մասնագիտական արժանապատվությունը պահել, բայց վատ նյութից լավ գործ չես կարող ստանալ։ Ժամանակին իմ մասին էլ ասում էին. «Արմեն Խանդիկյանն ուզենա` հեռախոսի գիրքն էլ կբեմադրի»։ Այդպես չէ, եթե նույնիսկ ստիպված ես լինում «այդ գիրքը» բեմադրել։ Երիտասարդ տարիներիս արված 10-15 ներկայացումների կեսը պատվերով է եղել։ Պարտադիր էր գաղափարական կանոնները պահպանելը։ Հիմա երիտասարդներն իրենք են իրենց ընտրության տերը։ Ես դժգոհ չեմ, որովհետև շատ ավելի վարպետություն կուտակեցի` պիեսի թուլությունը շրջանցելու, շտկելու, լրացնելու տեսակետից։ Խաբկանքի արվեստին կարողացա զգալիորեն տիրապետել, որը թատրոն երևույթի հիմքում է ընկած. խաբկանքի, ոչ խաբեության։
«ԵՍ ԻՆՁ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՉԵՄ ԲԱԺԱՆՈՒՄ»
-Ի՞նչ հարաբերություններ ունեք քաղաքականության հետ։
-Վերաբերմունքս հստակ արտահայտվում է բեմից, երբեմն չափազանց սուր ու խոցելի։ Ես ինձ կուսակցությունների միջև չեմ բաժանում, Հայաստանի Հանրապետության պարզ ու անկեղծ քաղաքացի եմ, մյուսներից ոչ պակաս հայրենասեր ու ազգասեր։ Փորձում եմ պետության այս օրվա մեջ իմ տեղում աշխատել արդյունավետ։ Երբ դերասանուհիներիցս մեկը պատմեց սովորական թվացող մի միջադեպ, ես ոգևորվեցի։ Ճանապարհային ոստիկանը ճանաչել էր ու ասել. «Գիտե՞ք, թատրոնի Ձեր դերերն ավելի եմ սիրում»։
-Չարչրկվող մտայնություն կա, թե ռեժիսորական դիկտատի թատրոն է Դրամատիկը։
-Համամիտ չեմ։ Պապիս մորուքի չափ երկար ու հին պատմություն է։ Աշխարհում գոյություն չունի «ռեժիսորական կամ դերասանական թատրոն» հասկացություն։ Հարցրեք դերասանին, թե ինչ է ուզում` փայլուն բեմադրի՞չ, թե՞ բեմադրիչ, որը նրա մեջ մեռնում է (ըստ իս, վաղուց մեռած)։ Առաջին մեկնաբանը բեմադրիչն է։ Եթե նա հետաքրքիր մեկնաբան չեղավ, ոչ միայն հանդիսատես, այլև դերասանախումբ չի հավաքի իր շուրջ։
-Նոր արտերկրյա հրավերներ ունե՞ք որպես բեմադրիչ։
-Վերջին տարիներին հրաժարվում եմ հայկական գաղթօջախներում բեմադրություններ անելուց։ Ժամանակին շատ եմ արել։ Իմ հնարավորությունների կեսն էլ անկարելի է լինում իրացնել։
Զրույցը` Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ